Իմ ուղերձը նոր աշխարհին
.
Իմ ուղերձը նոր աշխարհին
Մասուդ Փեզեշքիան՝ Իրանի Իսլամական Հանրապետության նորընտիր նախագահ
12 հուլիսի, 2024 թ
Տարածաշրջանում պատերազմի և անկարգությունների պայմաններում մրցակցային, խաղաղ և կազմակերպված ընտրություններ անցկացնելով՝ Իրանի քաղաքական համակարգը ցուցադրեց իր կայունությունը և հերքեց որոշ երկրների Իրանի գծով փորձագետների պնդումները։ Քաղաքական կայունությունը և ընտրությունների անցկացման պատվաբեր ձևը վկայում են հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլահ Խամենեիի խոհեմության և նույնիսկ դժվարին պայմաններում իշխանության փոխանցման ժողովրդավարական եղանակին Իրանի ժողովրդի ունեցած հավատարմության մասին ։
Ես ընտրապայքարի մեջ մտա մի ծրագրով, որտեղ շեշտադրումներն արված էին «բարեփոխումների», «ազգային միասնության ամրապնդման» և «աշխարհի հետ կառուցողական փոխգործակցության» գաղափարների վրա, և ի վերջո ինձ հաջողվեց ընտրատեղամասերում ստանալ իմ հայրենակիցների՝ նույնիսկ երկրի ընդհանուր վիճակից դժգոհ երիտասարդների ու կանանց վստահությունը։
Այս վստահությունը շատ արժեքավոր է ինձ համար, և ես վճռական եմ ինչպես ներքին, այնպես էլ միջազգային մակարդակում կոնսենսուս ստեղծելով՝ կատարել այն խոստումները, որ տվել եմ իմ ժողովրդին նախընտրական քարոզարշավի ընթացքում։
Սկզբում ցանկանում եմ ընդգծել, որ իմ կառավարությունը ցանկացած իրավիճակում իր օրակարգի առաջնային տեղն է հատկացնելու Իրանի ազգային փառքի ու միջազգային հեղինակության պահպանման հարցին։ Իրանի արտաքին քաղաքականությունը հիմնված է «արժանապատվության, իմաստության և նպատակահարմարության» սկզբունքների վրա, և դրա նախագծումն ու իրականացումը վստահված է նախագահին ու կառավարությանը։ Ես մտադիր եմ օգտագործել այս պաշտոնին տրված բոլոր լիազորությունները՝ այս մեծ նպատակին հետամուտ լինելու համար։
Ըստ այս մոտեցման, իմ կառավարությունը մտադիր է, հասնելով «հավասարակշռության» բոլոր երկրների հետ հարաբերություններում, վարել հնարավորություններից օգուտ քաղելու քաղաքականությունը, որը համահունչ է ազգային շահերին, տնտեսական զարգացմանը, տարածաշրջանում ու աշխարհում խաղաղության և անվտանգության պահանջներին։ Այս առումով մենք ողջունում ենք լարվածությունը նվազեցնելու ազնիվ ջանքերը և ազնվությանն ազնվությամբ ենք պատասխանում։
Իմ կառավարման շրջանում հարևանների հետ հարաբերությունների ամրապնդումը առաջնահերթություն է լինելու։ Մենք հետամուտ ենք լինելու «ուժեղ տարածաշրջանի» ձևավորմանը, այլ ոչ թե հարաբերությունների մոդելի, որտեղ մի երկիր միայնակ ձգտում է գերիշխել մյուսների վրա։ Իմ խորին համոզմամբ, հարևան և եղբայրական երկրները չպետք է վատնեն իրենց թանկարժեք ռեսուրսները քայքայիչ մրցակցությունների, սպառազինությունների մրցավազքի և միմյանց անհարկի սահմանափակման վրա։ Փոխարենը, մեր նպատակը պետք է լինի ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ բոլորի ռեսուրսները տրամադրվեն տարածաշրջանի առաջընթացին ու զարգացմանը՝ ի շահ բոլորի:
Մենք ձեռնամուխ կլինենք Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի, Օմանի, Իրաքի, Բահրեյնի, Կատարի, Քուվեյթի, Արաբական Միացյալ Էմիրությունների և տարածաշրջանային կազմակերպությունների հետ համագործակցությանը՝ տնտեսական հարաբերությունները խորացնելու, առևտրային հարաբերություններն ամրապնդելու, համատեղ ներդրումները խթանելու, ընդհանուր մարտահրավերներին դիմակայելու և երկխոսության, վստահության ամրապնդման ու զարգացման համար տարածաշրջանային հարթակ ստեղծելու նպատակով։
Մեր տարածաշրջանը երկար ժամանակ տառապում է պատերազմից, աղանդավորական պայքարներից, ահաբեկչությունից և ծայրահեղականությունից, թմրամիջոցների ապօրինի շրջանառությունից, ջրի պակասից, փախստականների ճգնաժամից, շրջակա միջավայրի ոչնչացումից և օտարերկրյա միջամտություններից: Հիմա ժամանակն է միասին լուծել այս ընդհանուր մարտահրավերները՝ հանուն հաջորդ սերունդների ավելի լավ ապագայի: Տարածաշրջանային զարգացմանը և բարգավաճմանը միտված համագործակցությունը լինելու է մեր արտաքին քաղաքականության հիմնական սկզբունքը։
Որպես երկրներ, որոնք ունեն խաղաղ իսլամական ուսմունքներից բխող առատ ռեսուրսներ և ընդհանուր ավանդույթներ, մենք պետք է համախմբվենք և հենվենք տրամաբանության ուժի վրա՝ ուժի տրամաբանության փոխարեն: Օգտվելով նորմերի սահմանման մեր կարողությունից՝ մենք կարող ենք կարևոր դեր խաղալ հետբևեռային աշխարհակարգում՝ խթանելով խաղաղությունը, ստեղծելով խաղաղ միջավայր կայուն զարգացման համար, ամրապնդելով երկխոսությունը և դիմակայելով իսլամաֆոբիային: Այս ուղղությամբ Իրանն իր հերթին պատրաստ կլինի դերակատարում ունենալ։
1979 թ․ հեղափոխությունից հետո, Իրանի Իսլամական Հանրապետության նոր ձևավորվող համակարգը, հիմնվելով միջազգային իրավունքի չափանիշների և մարդու իրավունքների հիմնական սկզբունքների վրա, խզեց իր հարաբերությունները Իսրայելի և Հարավային Աֆրիկայի երկու ապարտհեյդ ռեժիմների հետ։ Մինչ օրս Իսրայելը մնում է ապարտհեյդ ռեժիմ, որը «ցեղասպանություն» է ավելացրել օկուպացիայի, պատերազմական հանցագործությունների, էթնիկ զտումների, ճամբարների կառուցման, միջուկային զենքի, այլոց հողերի անօրինական բռնակցման և իր հարևանների վրա հարձակվելու օրակարգի մեջ։
Որպես առաջին քայլ՝ իմ կառավարությունը կդիմի հարևան արաբական երկրներին՝ համագործակցելու բոլոր քաղաքական և դիվանագիտական լծակների կիրառմամբ Գազայում հրադադարի հաստատումը, Գազայի ժողովրդի սպանության դադարեցումը առաջնահերթություն դարձնելու համար, որպեսզի կանխվի պատերազմի շրջանակի ընդլայնումը։ Այնուհետև մենք պետք է քրտնաջան աշխատենք վերջ տալու երկարաժամկետ օկուպացիային, որը ոչնչացրել է պաղեստինցիների չորս սերունդների կյանքը: Այս առումով, ես ընդգծում եմ, որ պետությունները, հիմնվելով «Ցեղասպանության վերաբերյալ 1948թ․ կոնվենցիայի» վրա, պարտավոր են անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել ցեղասպանությունը կանխելու համար, և ոչ թե տուրք տալ ցեղասպանությունը՝ կարգավորելով հարաբերությունները հանցագործների հետ:
Այսօր, թվում է, թե շատ երիտասարդներ արևմտյան երկրներում գիտակցել են իսրայելական ռեժիմի նկատմամբ մեր երկարամյա դիրքորոշման ճշմարտացիությունը։ Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ ասել այս խիզախ սերնդին, որ Իրանին ուղղված մեղադրանքները հակասեմիտիզմի վերաբերյալ՝ պաղեստինյան հարցում նրա սկզբունքային դիրքորոշման պատճառով, ոչ միայն լիովին սխալ են, այլև վիրավորում են մեր մշակույթը, համոզմունքներն ու հիմնարար արժեքները։ Համոզված եղեք, որ այդ մեղադրանքները նույնքան անհիմն են, որքան անհիմն են ձեր հասցեին հնչող անարդար մեղադրանքները հակասեմիտիզմի վերաբերյալ, երբ դուք ձեր ձայնն եք բարձրացնում համալսարաններում՝ ի պաշտպանություն պաղեստինցիների կյանքի իրավունքի։
Չինաստանն ու Ռուսաստանը միշտ եղել են մեր բարեկամներն ու աջակիցները դժվար պահերին։ Մենք բարձր ենք գնահատում այս բարեկամությունը։
Իրանի և Չինաստանի 25-ամյա ճանապարհային քարտեզը կարևոր քայլ էր երկու երկրների համար շահավետ «համապարփակ ռազմավարական գործընկերության» ստեղծման ուղղությամբ, և մենք պատրաստ ենք ավելի լայն համագործակցություն հաստատել Պեկինի հետ նոր աշխարհակարգ մտնելու շեմին: 2023թ. Չինաստանի կառավարությունը կարևոր դեր խաղաց Սաուդյան Արաբիայի հետ մեր հարաբերությունների կարգավորման գործում՝ դրանով իսկ դրսևորելով իր կառուցողական տեսլականը և միջազգային հարցերում հեռանկարային մոտեցումը։ Ռուսաստանը Իրանի արժեքավոր ռազմավարական գործընկերն է և հարևանը, և իմ կառավարությունը հանձնառու է ընդլայնել և ամրապնդել մեր համագործակցությունը։ Մենք խաղաղություն ենք մաղթում Ռուսաստանի և Ուկրաինայի ժողովուրդներին, և իմ կառավարությունը պատրաստ է այս նպատակին հասնելու համար ակտիվորեն աջակցել դիվանագիտական նախաձեռնություններին։ Իմ կառավարությունը առաջնահերթություն է տալու Ռուսաստանի հետ երկկողմ և բազմակողմ համագործակցությանը, հատկապես՝ այնպիսի շրջանակներում, ինչպիսիք են ԲՐԻԿՍ-ը, Շանհայի համագործակցության կազմակերպությունը և Եվրասիական տնտեսական միությունը:
Ընդունելով, որ համաշխարհային իրավիճակը դուրս է եկել ավանդական օրինաչափություններից՝ իմ կառավարությունը հանձնառու է ամրապնդել փոխշահավետ հարաբերություններ՝ աշխարհի հարավում զարգացող նորահայտ միջազգային դերակատարների հետ, հատկապես՝ աֆրիկյան երկրների հետ: Այս առումով մենք ձգտելու ենք բարելավել մեր համագործակցությունը և ամրապնդել մեր հարաբերությունները։ Իրանը ամուր հարաբերություններ ունի Լատինական Ամերիկայի երկրների հետ, և իմ կառավարությունը միջոցներ կձեռնարկի դրանք պահպանելու և խորացնելու ուղղությամբ՝ բոլոր ոլորտներում հարաբերությունների զարգացումը առաջ մղելու, երկխոսությունը և համագործակցությունը խթանելու համար։ Իրանի և Լատինական Ամերիկայի երկրների համագործակցությունը շատ ավելի մեծ ներուժ ունի, քան ներկայումս հաստատված է, և մենք կշարունակենք ամրապնդել մեր կապերը։
Իրանի և Եվրոպայի հարաբերությունները բազմաթիվ վայրիվերումներ են ունեցել։ Այն բանից հետո, երբ 2018թ. մայիսին ԱՄՆ-ը դուրս եկավ JCPOA-ից (Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր), եվրոպական երկրները տասնմեկ պարտավորություններ ստանձնեցին իրանի նկատմամբ՝ փրկելու միջուկային համաձայնագիրը և մեղմելու ԱՄՆ-ի անօրինական և միակողմանի պատժամիջոցների ազդեցությունը մեր տնտեսության վրա: Այդ հանձնառությունների թվում կարելի է նշել արդյունավետ բանկային գործարքների երաշխիքը, ընկերությունների արդյունավետ պաշտպանությունը ԱՄՆ-ի պատժամիջոցներից, ներդրումների խթանումն Իրանում։ Եվրոպական երկրները խախտել են այս բոլոր հանձնառությունները, սակայն նրանք անհիմն ակնկալում են, որ համաձայն JCPOA-ի Իրանը միակողմանիորեն կատարի իր բոլոր պարտավորությունները։
Չնայած այս շեղումներին, ես պատրաստ եմ կառուցողական երկխոսություններ վարել եվրոպական երկրների հետ որպեսզի համատեղ ջանքերով, հավասարության և փոխադարձ հարգանքի սկզբունքի հիման վրա մեր հարաբերություններն ճիշտ ուղորդենք։ Եվրոպական երկրները պետք է գիտակցեն, որ Իրանի ժողովուրդը հպարտ ժողովուրդ է, և նրա իրավունքներն ու արժանապատվությունն այլևս չեն կարող անտեսվել: Երբ եվրոպական տերությունները գիտակցեն այս փաստը, մի կողմ դնեն իրենց բարոյական գերազանցության շինծու պատկերացումը, ինչպես նաև հաղթահարեն կեղծ ճգնաժամերը, որոնք երկար ժամանակ ստվեր են գցում մեր հարաբերությունների վրա, Իրանի և Եվրոպայի միջև համագործակցության բազմաթիվ հնարավորություններ կստեղծվեն, որը կարելի է ուսումնասիրել: Համագործակցության հնարավորությունները ներառում են տնտեսական և տեխնոլոգիական համագործակցությունը, էներգետիկ անվտանգությունը, տարանցիկ ուղիները, շրջակա միջավայրը, ինչպես նաև ահաբեկչության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարը, փախստականների ճգնաժամը և այլ ոլորտներ, որոնց կարելի հետամուտ լինել ի շահ մեր երկրների: Ամերիկայի Միացյալ Նահանգները նույնպես պետք է այս եզրահանգմանը հասած լինեն, որ Իրանի հետ չպետք է ուժի դիրքերից խոսել։ Մենք 2015թ. բարի մտադրություններով մտանք JCPOA և ամբողջությամբ կատարեցինք մեր բոլոր պարտավորությունները: Սակայն Միացյալ Նահանգները, իր ներքին քաղաքականության հետ կապված վեճերի և վրեժխնդրությունների պատճառով, անօրինական կերպով դուրս եկավ համաձայնագրից և նրա կողմից սահմանված միակողմանի արտատարածքային պատժամիջոցների պատճառով Իրանի ժողովուրդը, հատկապես՝ Կորոնա համաճարակի ժամանակ կրեց անհամար կորուստներ, տառապանքներ և վնասներ, ինչպես նաև հարյուրավոր միլիարդներ դոլարի վնաս կրեց տնտեսությունը։
Միացյալ Նահանգները միտումնավոր որոշեց սաստկացնել կոնֆլիկտները՝ Իրանի դեմ տնտեսական պատերազմ սկսելով, ինչպես նաև ներգրավվելով պետական ահաբեկչության մեջ, ահաբեկչության դեմ պայքարի աշխարհահռչակ հերոս գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության միջոցով, ով հայտնի է տարածաշրջանի ժողովրդին ԴԱԻՇ-ից և նմանատիպ բարբարոս խմբավորումներից փրկելու իր հաջողություններով: Այսօր աշխարհն ականատես է լինում այս որոշման վնասակար հետևանքներին։
Միացյալ Նահանգները և նրա արևմտյան դաշնակիցները ոչ միայն բաց թողեցին տարածաշրջանում և աշխարհում լարվածությունը նվազեցնելու և կառավարելու պատմական հնարավորությունը, այլև լրջորեն խաթարեցին Չտարածման պայմանագիրը (NPT), քանի որ նրանք ցույց տվեցին, որ չտարածման սկզբունքներին հավատարիմ մնալու գինը կարող է գերազանցել հնարավոր օգուտները:
Իրոք, Միացյալ Նահանգները և նրա արևմտյան դաշնակիցները չարաշահել են զենքի չտարածման ռեժիմը, որպեսզի, հակառակ իրենց սեփական հետախուզական գործակալությունների գնահատականների, ճգնաժամ ստեղծեն Իրանի խաղաղ միջուկային ծրագրի շուրջ և օգտագործեն այն մեր ժողովրդի վրա շարունակական ճնշում գործադրելու համար: Միևնույն ժամանակ, նրանք ակտիվորեն և առանց վարանելու աջակցեցին Իսրայելին՝ ագրեսիվ ապարտեիդի ռեժիմին, որը NPT պայմանագրի անդամ չէ և, ըստ բոլոր ապացույցների, միջուկային զենք ունի։
Ցանկանում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ Իրանի պաշտպանական դոկտրինը չի ներառում միջուկային զենքի ստեղծումը, և կոչ եմ անում ԱՄՆ-ին դասեր քաղել անցյալի սխալ հաշվարկներից և համապատասխան նոր քաղաքականություն որդեգրել։
Վաշինգտոնում որոշումներ կայացնողները պետք է գիտակցեն, որ տարածաշրջանի երկրներին միմյանց դեմ տրամադրելու վրա հիմնված քաղաքականությունը նախկինում հաջողություն չի ունեցել և չի հաջողվի ապագայում։ Նրանք պետք է ընդունեն Իրանի ճշմարտությունը և խուսափեն առկա լարվածության սրումից։
Իրանի ժողովուրդն ինձ հզոր մանդատ է տվել միջազգային ասպարեզում լրջորեն հետամուտ լինելու կառուցողական ներգրավվածությանը` միաժամանակ պնդելով մեր իրավունքները, արժանապատվությունը և իրավացի դերը տարածաշրջանում և աշխարհում: Բոլոր նրանց, ովքեր ցանկանում են միանալ այս պատմական ջանքերին, հրավիրում եմ համագործակցության։