26 November 2025
2025/11/11 - 12:35
2025/11/11 - 12:35
Հայկական Կարմիր խաչի և Իրանի Կարմիր Մահիկի ընկերությունները ստորագրեցին համագործակցության հուշագիր

Հայկական Կարմիր խաչի և Իրանի Կարմիր Մահիկի ընկերությունները ստորագրեցին համագործակցության հուշագիր

.

Հայկական Կարմիր խաչի ընկերությունում կայացավ ՀԿԽԸ Նախագահ Դավիթ Ներսիսյանի և Իրանի Կարմիր Մահիկի նախագահ Փիրհոսեյն Քոլիվանդի մամուլի ասուլիսը, որի ընթացքում երկու երկրների մարդասիրական կառույցների ղեկավարները խոսեցին համատեղ նոր ծրագրերի և գործընկերային հարաբերությունների խորացման մասին։ Հանդիպման ընթացքում Հայկական Կարմիր խաչի և Իրանի Կարմիր Մահիկի ընկերությունների ղեկավարները ստորագրեցին համագործակցության հուշագիր։   «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀԿԽԸ նախագահ Դավիթ Ներսիսյանն իր խոսքում նշեց, որ հայկական կողմն անչափ կարևորում է համագործակցությունն արտասահմանյան գործընկերների հետ՝ նպատակ ունենալով սերտ կապերի միջոցով դրանք առավել խորացնել ու զարգացնել։ 

Ներսիսյանը տեղեկացրեց, որ ՀԿԽԸ պատվիրակությունը նախորդ տարի իրանական կողմի հրավերով այցելեց Թեհրան։ Նա հավաստիացրեց, որ փորձի փոխանակման տեսանկյունից այդ այցը նույնպես կարևոր էր և ուսանելի։ «Անցյալ տարի Լոռու մարզում տեղի ունեցած ջրհեղեղից հետո Իրանի Կարմիր Մահիկի  ընկերությունը մեզ ուղարկեց օգնություն։ Դրանով իսկ նոր շունչ հաղորդվեց մեր հարաբերություններին։ Իրանական Կարմիր Մահիկը հարևան երկրում բավականին մեծ ազգային ընկերություն է՝ ունենալով ավելի քան 80 հազար աշխատակից ու 3 միլիոն կամավոր։ Հատկապես կամավորների քանակը գնալով ավելանում է։ Իրանի Կարմիր Մահիկն ունի բազմաթիվ հնարավորություններ և ցանկություն է հայտնել սերտ համագործակցություն ծավալել մեզ հետ։ Այսօր կնքվելիք հուշագրի շրջանակում երկկողմ հարաբերություններն ապագայում ավելի կխորանան, և արդեն կանցնենք համատեղ պրակտիկ գործողությունների»,- ասաց Ներսիսյանը։  Նա հավելեց, որ Կարմիր Խաչի և Կարմիր Մահիկի ներկայացուցիչների համար շատ կարևոր է անհրաժեշտության դեպքում շահառուների կողքին լինելը, ինչը խարսխված է մասնագիտական գործունեությանն առնչվող յոթ հիմնարար սկզբունքների վրա՝ միտված լինելով մարդկանց ցավն ու տառապանքը նվազեցնելուն։ Նրա համոզմամբ՝ սերտ համագործակցությունը հնարավորություն կտա ավելի շատ թվով մարդկանց օգտակար լինել։      Իրանի Կարմիր Մահիկի նախագահ Փիրհոսեյն Քոլիվանդն իր հերթին ասաց, որ հայկական ընկերությանը համարում են բարեկամ և գործընկեր կազմակերպություն, ուստի համատեղ  աշխատանքը բավականին բազմերանգ է։

«Իրանն ու Հայաստանը սերտորեն համագործակցում են բազմաթիվ ոլորտներում։ Հայկական պատվիրակությունն Իրանում գտնվելու օրերին անմիջականորեն ծանոթացավ մեր հնարավորություններին, և այդպես մեկնարկեց համագործակցության նոր փուլը։ Պատրաստ ենք փոխանակել փորձը, հմտությունները փրկարարական աշխատանքների, բժշկության, արագ արձագանքման գործունեության ոլորտներում։ Կարևորում ենք արդի տեխնոլոգիական հնարավորությունների համատեղ կիրառումը, բուժսարքավորումների ու դեղորայքի, ինչպես նաև միմյանց տեքստիլ արտադրանքի տրամադրումը։ Մենք Իրանում խթանում ենք նաև գործունեությունն ավանդական բժշկության, բուսաբուժության բնագավառում՝ նպաստելով մասնագիտացված կենտրոնների ստեղծմանը»,- ասաց Քոլիվանդը։Նա հավելեց, որ իրանական կողմը հաջողությամբ կիրառում է տրանսպորտային փոխադրամիջոցների օգտագործումը փրկարարական և շտապօգնության աշխատանքներում՝ մեծացնելով մեքենաների պարկը։«Մենք աջակցության կենտրոններ ունենք նաև մեր երկրի դժվարանցանելի հատվածներում, որտեղ աշխատանքը պահանջում է առավել մեծ հմտություններ, ուստի կարողացել ենք տեղի բնակիչներին ծանոթացնել արտակարգ իրավիճակներում մեր գործունության բնույթին։ Սա ևս կարող է Հայաստանում լինել արդյունավետ փորձ։ Մեզ մոտ աշխատում են բարձրակարգ մասնագետներ, որոնք պատրաստ են իրենց հմտություններով կիսվել հայ գործընկերների հետ։ Դա մեզ համար պատվաբեր է»,-ասաց Իրանի Կարմիր Մահիկի նախագահը։  

متن دیدگاه
نظرات کاربران
تاکنون نظری ثبت نشده است